«ՔԱՅԼ ԱՌ ՔԱՅԼ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
   
Նորություններ

Ս.թ. սեպտեմբերի 19-ին, Լոռու մարզի Թումանյան համայնքի Ահնիձոր և Մարց գյուղերում տեղի ունեցավ վաղ մանկության կրթական ծառայությունների կենտրոնների բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին պաշտոնատար անձիք ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակից
Գործընկերներ

 

Մենք Facebook-ում

Որակի բարելավումը «Որակի ապահովման փաթեթ»-ի միջոցով


«Քայլ առ քայլը» հատուկ ուշադրություն է դարձնում ծրագրում ընդգրկված ուսումնական հաստատություններում ուսուցման որակի բարելավմանը:

 

Վերապատրաստված ուսուցիչների թվի մեծացմանը զուգահեռ անհրաժեշտություն առաջացավ վերահսկել ծրագրի որակը: Անհրաժեշտ էին գործիքներ, որոնցով հնարավոր կլիներ գնահատել ուսուցման որակը այն մանկապարտեզներում և դպրոցներում, որոնք իրականացնում են «Քայլ առ քայլ» ծրագիրը: Ուսուցման որակի վերահսկմանն ու  բարելավմանը նվիրված աշխատանքների արդյունքում մշակվեցին «Քայլ առ քայլի» ուսուցչի չափորոշիչները`«Քայլ առ քայլ» միջազգային ցանցի տարբեր երկրներում կիրառելու համար:

 

Ծրագրի առանձնահատկությունները, պահանջներն ու մոտեցումները մանրամասնորեն դասակարգելու, նկարագրելու և ձևակերպելու համար ստեղծվեց աշխատանքային խումբ, որի մեջ ընդգրկված էին բարձր որակավորում ունեցող փորձագետներ 10 երկրից:

 

Աշխատանքային խմբի երկու տարվա հետևողական ու մանրակրկիտ աշխատանքի արդյունքում ստեղծվեցին ուսուցչի չափորոշիչներ և ցուցիչներ, որոնք սահմանում են որակյալ ուսուցումը «Քայլ առ քայլ» ծրագրով աշխատող նախադպրոցական հաստատությունների և տարրական դպրոցի մանկավարժների համար:

 

Ուսուցման որակի բարձրացմանն ուղղված երկար տարիների աշխատանքների գագաթնակետը «Քայլ առ քայլ միջազգային ընկերակցության» կողմից մշակված «Որակի ապահովման փաթեթն» է, որի միջոցով հստակորեն սահմանվում են որակյալ ուսուցման շրջանակները նախադպրոցական հաստատություններում և տարրական դասարաններում: Մշակվեցին նաև գործիքներ մենթորության, որակի գնահատման և բարելավման համար: Սա գործիքների մի ամբողջական փաթեթ է, որի նպատակն է.

 

  • Բարձրորակ կրթական ծառայություններ մատուցել երեխաներին և ընտանիքներին՝ բարելավելով մատուցվող ծառայությունների որակը:
  • Օգնել նախադպրոցական հաստատություններում և տարրական դպրոցում դասավանդող մանկավարժ­ներին բարելավել ուսուցումը աշակերտակենտրոն մոտեցումների, փոխգործուն ուսուցման մեթոդների,    ամբողջ կյանքում սովորելու հմտությունների, ինքնակրթության, գործընկերների, ընտանիքների և համայնքի հետ համագործակցության միջոցով:
  • Կրթական համակարգը բարելավելու նպատակով տարբեր շահառուներին տեղեկություններ տրամադրել որակյալ ուսուցման անհրաժեշտության և կարևորության մասին:

 

Որակի ապահովման փաթեթի հիմքն է «21-րդ դարի կոմպետենտ ուսուցիչներ. որակյալ մանկավարժության սկզբունքներ» ձեռնարկը, որը մշակվել է «Քայլ առ քայլ» միջազգային ցանցի անդամ երկրների բարձրակարգ մասնագետների և միջազգային փորձագետների կողմից: Փաթեթն իր մեջ ներառում է նաև հետևյալ նյութերը.

 

  • Գիտելիքները գործողության մեջ. Ուսումնական ձեռնարկ մանկավարժների համար որակյալ ուսուցման սկզբունքների մասին
  • Ուսուցման որակի բարելավմանն ուղղված մասնագիտական զարգացման գործիք տարրական դասարանների մասնագետների համար
  •  Ուսուցման որակի բարելավմանն ուղղված մասնագիտական զարգացման գործիք նախադպրոցական հաստատությունների մասնագետների համար
  • Որակյալ ուսուցման տեսադարան
  • Նախադպրոցական և տարրական օղակում աշխատող մասնագետների վերապատրաստման դասընթաց 3-10 տարեկան երեխաների համար կազմակերպված կրթական ծառայությունների որակի գնահատման գործիքներ
  • Կրթության որակը լուսաբանող գրքույկներ (մանկավարժների, ծնողների և կրթական քաղաքականություն մշակողների համար)

 

Այս ռեսուրսներից յուրաքանչյուրը կարող է օգտագործվել ինչպես առանձին, այնպես էլ փաթեթի այլ նյութերի հետ մասին:

 

Այս փաթեթը կարող են օգտագործել հասարակության տարբեր խմբեր, քանի որ այն ամբողջական և համակարգված մոտեցում է ապահովում որակյալ ուսուցման համար: Փաթեթը կարող են օգտագործել մանկավարժները (անհատ կամ մասնագիտական միություններ), մանկավարժական քոլեջները, բուհերը և ԿԱԻ-ն, ծնողները (անհատներ կամ կազմակերպություններ), համայնքային կազմակերպությունները, քաղաքականություն մշակողները, կրթության ոլորտի պաշտոնյաները, ուսումնական հաստատությունների վարչական աշխատողները, գնահատողները, հետազոտողները, ինչպես նաև հասարակության այլ անդամները: Յուրաքանչյուր դեպքում փաթեթի կամ դրա առանձին մասերի օգտագործման ուղիները պետք է մանրամասնորեն քննարկվի աշխատակազմի հետ:

 

Այս փաթեթը մշակվել է Բաց հասարակության հիմնադրամների ֆինանսական աջակցությամբ:

 

Գործիքների այս փաթեթի օգտագործումը հնարավոր է արտոնագրային համաձայնության հիման վրա:

 

«Քայլ առ քայլը» սերտորեն կհամագործակցի բոլոր նրանց հետ, ովքեր հետաքրքրված են բարելավելու կրթական ծառայություններն այս ռեսուրսների օգտագործման միջոցով:

 

Ցանկացողները կարող են դիմել «Քայլ առ քայլ» ԲՀ գրասենյակ։

 







Մեր գործընկերները