«ՔԱՅԼ ԱՌ ՔԱՅԼ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
   
Նորություններ

Ի պատասխան համավարակի հարուցած մարտահրավերների՝ մի շարք միջազգային կազմակերպություններ հանդես են եկել «Ինչո՞ւ է անհրաժեշտ առաջնահերթություն տալ վաղ մանկությանը» հարցին առնչվող իրենց դիրքորոշման մասին հայտարարությամբ։
Գործընկերներ

 

Մենք Facebook-ում


Սիրող հայրեր, առաջադիմող երեխաներ. սեռային դերերի նկատմամբ վերափոխված մոտեցումների տարածման հնարավորություններ

Հելենա Դաչ, Ծրագրի պատասխանատու Երեխայի նկատմամբ սեռական բռնության կանխարգելում Օակ հիմնադրամ,

Քեյթ Դոյլ Հետազոտությունների և ծրագրի գլխավոր պատասխանատու Պրոմունդո ԱՄՆ, Վաշինգտոն, ԱՄՆ

Անջալիի Կոհլի Հետազոտությունների գլխավոր պատասխանատու Տեխնիկական տնօրեն, Վերարտադրողական առողջության ինստիտուտ, Ջորջթաունի համալսարան, Վաշինգտոն, ԱՄՆ

Ռուտի Գ. Լևտով Հետազոտությունների, գնահատման և ուսումնառության բաժնի տնօրեն, Պրոմունդո ԱՄՆ Վաշինգտոն, ԱՄՆ

Ռեբեկա Լանդգրին Փոխտնօրեն, Վերարտադրողական առողջության հետազոտության ինստիտուտի տնօրեն, Ջորջթաունի համալսարան, Վաշինգտոն, ԱՄՆ

 

  • Առաջին անգամ հայր դառնալը հաճախ փոխում է տղամարդկանց տեսակետը ընտանիքում սեռային դերերի մասին և ավելի բաց է դարձնում նոր վարքագծի ու գաղափարների նկատմամբ::
  • Երեխաների խնամքի ու կրթության հարցերում հայրերի ներգրավմանն ուղղված ծրագրերը կարող են բարելավել երեխաների առաջադիմությունը և նվազեցնել ընտանեկան բռնությունները:
  • Հայրերի համար նախատեսված ՊՆՍ (պատասխանատու, ներգրավված և սիրող ) նախաձեռնությունը և «Ծրագիր P»-ն արդեն ապացուցել են իրենց արդյունավետությունը։

 

Իրենց առաջնեկին սպասող ծնողներն անցումային շրջանում են լինում. հուզված, լարված և զգուշավոր: Դա կարող է «ուսանելի պահ» լինել նրանց համար: Հատկապես տղամարդկանց համար սա կարող է դառնալ այն շրջադարձային կետը, երբ նրանք հատկապես պատրաստ են ընդունելու նոր վարքագիծ և ընկալելու նոր գաղափարներ այն մասին, թե ինչ է նշանակում հայր լինել, ավելին՝ ինչ է նշանակում տղամարդ լինել: Սակայն ծնողավարության ծրագրերում ​մեծ մասամբ ներգրավվում են միայն մայրերը ՝ մեկ անգամ ևս հաստատելով սոցիալական այն կարծրատիպային նորմը, ըստ որի՝ երեխաների խնամքը միայն կանանց գործն է:

Հայրերի համար իրականացված երկու ծրագրերի արդյունքերը՝ «Պատասխանատու, ներգրավված և սիրող (ՊՆՍ) հայրեր» նախաձեռնությունը Ուգանդայում և «Ծրագիր P»-ն Ռուանդայում և այլուր, ցույց են տալիս, թե ինչ հսկայական տարբերություն է լինում երեխայի զարգացման մեջ, երբ հայրերը ներգրավվում են երեխայի խնամքի գործում: Երկու ծրագրերի իրականացման արդյունքները ցույց են տալիս նաև, որ  նման փորձը կարող է հաջողությամբ կրկնօրինակվել կամ շարունակվել՝ ինտեգրվելով վաղ մանկության և զարգացման այլ ծրագրերում:

Թե՛ «Ծրագիր P-ն», թե՛ «ՊՆՍ հայրեր» նախաձեռնությունը որդեգրել են ընտանիքում տղամարդու և կնոջ դերերի նկատմամբ վերափոխված մոտեցման սկզբունքը՝ ընդունելով, որ այդ դերերի մասին համոզմունքները կարող են խորապես ազդել ընտանեկան կյանքի վրա: Օրինակ, տղամարդու գերիշխող դերի մասին պատկերացումները կարող են տղամարդկանց դրդել իշխող հսկողություն սահմանելու կանանց վրա և խստավարժեցման միջոցներ կիրառելու երեխաների նկատմամբ (Հեյլման և Բարկեր, 2018): «ՊՆՍ հայրեր» նախաձեռնությունը և «Ծրագիր P»-ն մարտահրավեր են նետում այս գաղափարներին՝ ուժերի անհավասար բաշխման այս դինամիկան վերացնելու ակնհայտ նպատակով: Ծրագրերը հենվում են դրական մշակութային նորմերի վրա, որոնք խրախուսում են սիրող ընտանիքների ու դրական հարաբերությունների օրինակները, ինչպես նաև տղամարդու դերի վերափոխումը որպես հոգատար հոր, իսկ կնոջ համար՝ աջակցող ու հավասար գործընկերոջ:

Երեխաների խնամքի գործում հայրերի դրական ներգրավվածությունն անմիջական կապ ունի երեխաների հուզական և սոցիալական բարեկեցության, ինչպես նաև իմացական զարգացման հետ (Լամբ, 2004: Քաբրերա և Թամիս-Լեմոնդա, 2013): Արդյունքները վկայում են, որ ընտանիքում սեռային դերերի նկատմամբ վերափոխված մոտեցումն ավելի արդյունավետ է բռնության կանխարգելման համար, քան այն միջամտությունները, որոնք չեն անդրադառնում սեռային վարքագծի կարծրատիպային նորմերին (Ֆուլու և այլք, 2014): Այդուհանդերձ, նման ծրագրեր շատ քիչ և ոչ բավարար մասշտաբով են իրականացվել, որ հնարավոր լիներ խոսել դրանց շոշոփելի և էական ազդեցության մասին։

«Սեռային դերերի նկատմամբ վերափոխված մոտեցումը ընդունում է,
որ ընտանիքում տղամարդու և կնոջ դերերի հետ կապված
կարծրատիպերն ու համոզմունքները կարող են
խորապես ազդել ընտանեկան կյանքի վրա»:

 

«Պատասխանատու, ներգրավված և սիրող (ՊՆՍ) հայրեր» նախաձեռնություն

ՊՆՍ-ն հայրերին հասցեագրված  մենթորական նախաձեռնություն է, որն առաջին անգամ փորձարկվել է Հյուսիսային Ուգանդայում, որտեղ զուգընկերոջ նկատմամբ բռնությունը և երեխաների նկատմամբ բռնությունը մասամբ նաև երկրում տասնամյակներ շարունակվող ռազմական հակամարտության արդյունք են: ՊՆՍ-ն աշխատում է մինչև երեք տարեկան երեխաներ ունեցող տղամարդկանց հետ, ովքեր առաջին անգամ են հայր դարձել: Հայրերի և նրանց կանանց կողմից ընտրվում են համայնքում հարգանք վայելող մարդիկ և վերապատրաստվում են, որպեսզի մենթորական օժանդակություն ցուցաբերեն երիտասարդ հայրերին: Վերապատրաստման ծրագիրը նպաստում է դրական միջոցներով երեխայի կարգապահության, խնամքի, ընտանիքում սեռերի հավասարության և այդ ոգով հաղորդակցության ապահովմանը:

Վեց ամսվա ընթացքում՝ ամիսը մեկ անգամ, երիտասարդ հայրերը մասնակցում են տնային և խմբակային մենթորական պարապմունքների: Ծրագրի շրջանակներում ամեն ամիս մշակվում և ներկայացվում են թեմային վերաբերող պաստառներ,  որոնք ամրապնդում են քննարկվող նյութը: Ծրագրի ավարտին կազմակերպվում է համայնքային տոնական միջոցառում, որի նպատակն է խրախուսել հայրերի ձեռքբերումները և քաջալերել նրանց՝ ընտանիքում նոր պարտավորություններ ստանձնելու, նոր վարքագծի շարունակականությունը պահպանելու համար:

2013 թ. ՊՆՍ-ն իրականացվեց «Փրկեք երեխաներին» կազմակերպության կողմից,  իսկ արդյունքները գնահատվեցին Վերարտադրողական առողջության ինստիտուտի կողմից: Ծրագրի փորձարկումը ցույց տվեց, որ զգալիորեն բարելավվել են ինչպես դրական ծնողավարման հմտությունները, այնպես էլ կանանց ու տղամարդկանց շփումն ու հաղորդակցությունը: Նվազել են նաև զուգընկերոջ և երեխաների նկատմամբ բռնության դեպքերը (Աշբուրն և այլք, 2017), ընդ որում՝ արդյունքների մեծ մասը կայուն պահպանվել է նաև ծրագրից մեկ տարի անց:

2015 թ. ՊՆՍ-ն ինտեգրվեց կենսապահովման ծրագրին և սկսեց կիրառվել Ուգանդայի ամենաքիչ զարգացած տարածաշրջանում՝ Հյուսիսային Ուգանդայի և Քարամոջայի  վաղ մանկության զարգացման կենտրոններում: Արդյունքները հավաստում են, որ ծրագիրն արդյունավետ է երիտասարդ հայրերի ծնողավարման հմտությունների, ամուսինների հաղորդակցության բարելավման, ինչպես նաև զուգընկերոջ և երեխաների նկատմամբ բռնության դեպքերի կանխարգելման համար (Կոհլի և այլք, 2019): Լայն տարածման նպատակով նախատեսված մենթորության այս պարզ, մշակութային առումով հարմարեցված մոդելը կարող է ինտեգրվել արդեն գոյություն ունեցող ծրագրերին՝ միաժամանակ պահպանելով իր  արդյունավետությունը: Ներկայում պլանավորվում է նման ծրագրերի լայնամասշտաբ տարածումը տարբեր երկրներում և տարբեր սոցիալական ու մշակութային միջավայրերում:

 

«Պրոմունդո»-ի ծրագիր P-ն

«Ծրագիր P»-ն ներգրավում է տղամարդկանց, երբ նրանք արդեն պատրաստ են ընդունելու երեխաների խնամքին իրենց մասնակցության նոր վարքագիծը՝ սկսած կնոջ հղիությունից մինչև իրենց երեխաների վաղ մանկական տարիները: Ծրագիրն ի սկզբանե մշակվել է Լատինական Ամերիկայում REDMAS, Promundo և CulturaSalud կազմակերպությունների կողմից: Այնուհետև այն տեղայնացվել և հարմարեցվել է առնվազն տասը երկրներում ՝ Բրազիլիայից մինչև Շրի Լանկա, Պորտուգալիա և Հարավային Աֆրիկա, ինչպես գյուղական, այնպես էլ քաղաքային բնակավայրերում (Պրոմունդո և այլք, 2013):

Համատեղ քննարկումների, դերախաղերի ու գործնական աշխատանքների միջոցով տղամարդկանց և կանանց քաջալերում են մարտահրավեր նետել սեռային դերերի մասին ավանդական կարծրատիպերին, քննարկել դրանք և արդարության ու հավասարության սկզբունքի վրա հիմնված ոչ բռնի վարքագիծ դրսևորել: Ծրագիր P-ն «Տղամարդկանց կողմից իրականացվող խնամք, գլոբալ հայրություն» քարոզարշավի ծրագրային հիմնական գործիքներից մեկն է (MenCare, առցանց). սա «Պրոմունդո»-ի կողմից ավելի քան 45 երկրներում գործընկերների հետ միասին համակարգվող առցանց հարթակ է, որը նախատեսված է հայրության մասին ընդունված համընդհանուր պատկերացումները քննարկելու և վերաձևակերպելու համար։

Ռուանդայում «Բանդեբերեհո» («Օրինակելի մոդել») նախաձեռնությունը մայրերի և երեխաների առողջության հարցերում տղամարդկանց ներգրավելու համար օգտագործեց «Ծրագիր P»-ի տեղայնացված ուսումնական ծրագիրը: Նախաձեռնությունն իրագործվեց Ռուանդայի «Տղամարդկանց ռեսուրսային կենտրոնի» (Rwamrec) և Առողջապահության նախարարության հետ համատեղ: Երիտասարդ և ապագա հայրերը մասնակցեցին 15 պարապմունքի (առավելագույնը՝ 45 ժամ), որից 8-ին տղամարդկանց հետ համատեղ մասնակցեցին նաև նրանց կանայք (առավելագույնը՝ 24 ժամ): Քննարկված թեմաները ներառում էին մի շարք հարցեր. սեռ և ուժ/իշխանություն, հայրություն, ամուսնական զույգերի հաղորդակցություն և որոշումների կայացում, զուգընկերոջ նկատմամբ բռնություն, երեխայի խնամք, երեխայի զարգացում և տղամարդկանց ներգրավում վերարտադրողական և մայրական առողջության պահպանման ոլորտում:

Պատահական ընտրությամբ, վերահսկվող փորձարկման արդյունքները ցույց են տալիս, որ ծրագրից գրեթե երկու տարի անց վերահսկվող երկու խմբերից, ծրագրին չմասնակցած խմբի համեմատ, ծրագրին մասնակցած խմբի տղամարդիկ գրեթե երկու անգամ ավելի քիչ են հակված զուգընկերների նկատմամբ բռնություն գործադրել: Նրանք օրվա ընթացքում գրեթե մեկ ժամ ավելի են հատկացնում տնային գործերին, ինչպես նաև թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց դեպքում նվազել է երեխաների նկատմամբ ֆիզիկական պատիժներ կիրառելու հավանականությունը (Դոյլ և այլք, 2018):

Լրացուցիչ, չհրապարակված վերլուծությունները ցույց տվեցին, որ ծրագրում ընդգրկված կանայք և տղամարդիկ ավելի քիչ են հակված մարմնական պատիժներ կիրառել կամ խրախուսել դրանք, և ավելի շատ են հակված կարգապահության դրական մեթոդներ կիրառել, ինչպես օրինակ`բացատրել երեխային, թե ինչու է նրա վարքը սխալ:

Վերահսկվող, բայց ծրագրին չմասնակցած խմբի համեմատ, ծրագրին մասնակցած խմբի ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք ավելի շատ ժամանակ են ծախսում իրենց երեխաներին ինչ-որ բան սովորեցնելու համար: Տղամարդիկ նաև ավելի շատ ժամանակ են տրամադրում երեխաներին պատմություններ պատմելու, երգելու կամ նրանց հետ խաղալու համար:

Վերջերես Լիբանանի «Աբաադ» ՀԿ-ի հետ միասին «Ծրագիր P»-ն հարմարեցվել է լիբանանցի և սիրիացի հայրերի և Բեյրությում բնակվող ամուսինների համար՝ հատուկ ուշադրություն դարձնելով երեխաների վաղ մանկության զարգացմանը:

 

Ծրագրի ընդլայնումից քաղած դասերը

Ծրագրի հաջող տարածման համար անհրաժեշտ է նպատակաուղղված ջանքեր գործադրել՝ բարձրացնելու համար արդյունավետ նորարարությունների ազդեցությունը, որից ավելի շատ մարդիկ կշահեն: Դա կնպաստի նաև ծրագրի կայուն շարունակականության քաղաքականությանը և ծրագրային աջակցության ապահովմանը (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն և ExpandNet, 2009): Այն նախատեսում է համակարգային մոտեցման միջոցով ընդլայնել հստակ սահմանված, գործնականորեն ապացուցված այնպիսի գործողություններ, որոնք շահագրգիռ կողմերին լիրաժեքորեն կներգրավեն տեղայնացման և ինտեգրման գործընթացում: (Ֆիքսեն և այլք, 2005):

Տեղայնացումը փորձի տարածման հաջողության անհրաժեշտ բաղադրիչն է։ Օգտագործելով դիտարկման, ուսումնառության և գնահատման տվյալները (երբ դրանք արդեն առկա են կանխատեսումների ստուգման համար), պետք է վերանայել փոփոխության տեսությունը, բարելավել իրականացման ընթացքը և ներդրման ծրագիրը տեղայնացնել ըստ նոր միջավայրի: Երբ ծրագրերի փորձարկումը հաստատեց երկու ծրագրերի արդյունավետությունը, «ՊՆՍ հայրեր»-ը և «Ծրագիր P»-ն ընդլայնվեցին՝ գործող կառույցներին ինտեգրվելու միջոցով:

 

Հիմնական արժեքների հաստատում

Երկու ծրագրերում էլ («Ծրագիր P» և ՊՆՍ) նույնն է մոտեցումը փորձի տարածմանն ու ընդլայնմանը և հիմնվում է այն ըմբռնման վրա, որ հաջողված ծրագրերը ներդնելիս պետք է տեղայնացվեն՝ նոր միջավայրում դրանց արդյունավետությունն ապահովելու համար, միևնույն ժամանակ պետք է հավատարիմ մնան հիմնական արժեքներին, հիմնական տարրերին և փոփոխության մեխանիզմներին: Սրան հասնելու համար, ՊՆՍ-ի թիմը ներգրավում է փորձնական ծրագրի մեջ ընդգրկված շահագրգիռ կողմերին՝ վերանայելու ծրագրից քաղած դասերը և հստակեցնելու հիմնական արժեքները (օրինակ՝ դրական ուղերձներ, սեռերի նկատմամբ վերափոխված մոտեցումներ), հիմնական տարրերը (ինչպիսիք են՝ տնային այցերը, խմբային հանդիպումները) և փոփոխության մեխանիզմները (ինչպիսիք են համայնքային մենթորությունը, համայնքային տոնակատարությունների ժամանակ հանրության կողմից ծրագրի արդյունքների գնահատումը)։ Այս ամենը կնպաստեն ծրագրի շարունակականությանը, նոր միջավայրում ներդրմանը կամ նոր ծրագրերի մեջ այս մոտեցումների ինտեգրմանը:

Հաջողված ծրագրերը ներդնելիս պետք է տեղայնացվեն՝ նոր միջավայրում դրանց արդյունավետությունն ապահովելու համար, միևնույն ժամանակ պետք է հավատարիմ մնան հիմնական արժեքներին, հիմնական տարրերին և փոփոխության մեխանիզմներին:'

«Ծրագիր P»-ի կրկնօրինակման և տարածման ժամանակ «Պրոմունդո»-ն և գործընկերները նպատակ ունեն կենտրոնանալ նաև հիմնական տարրերի և փոփոխության ենթադրյալ մեխանիզմների վրա: Քանի որ «Ծրագիր P»-ի փոփոխության տեսությունը շեշտը դնում է քննելու, կշռադատման և հմտությունների ստեղծման վրա, այն կարելի է հարմարեցնել շատ համատեքստերի ու ծրագրային հարթակների հետ և թիրախավորել որոշակի արդյունքներ կամ թեմաներ: Օրինակ, թեև սկզբում «Ծրագիր P»-ն կենտրոնացած էր մայրերի և մանուկների առողջության վրա, Լիբանանում այն կենտրոնացել է վաղ մանկության զարգացման, իսկ Հայաստանում (MenCare, 2015)՝ նախածննդյան շրջանում երեխայի սեռի ընտրությունը կանխելու վրա: Այս հանգամանքը ճկունություն է տալիս տարբեր հաստատությունների հետ ծրագրի ընթացքը համապատասխանեցնելու և բազմակի գերակայություններին անդրադառնալու համար:

 

Պահպանել կենտրոնացումը սոցիալական նորմերի վերափոխման  վրա

Սեռերի նկատմամբ վերափոխված մոտեցումներ ունեցող ծրագրերի առանցքը անդրադարձն է սոցիալական նորմերին: Ե՛վ ՊՆՍ-ն, և՛ «Ծրագիր P»-ն հայրերին և զույգերին խրախուսում են որդեգրել այնպիսի վարքագիծ, որը կտարբերվի իրենց ծանոթ, ավանդական, հաճախ կաղապարային սեռային դերերից: Ծրագրում ներգրավում են գործընկերներին, ընտանիքի անդամներին և համայնքին՝ նոր արժեքների, հմտությունների և վերաբերմունքի ամրապնդման համար:

Սեռերի նկատմամբ վերափոխված մոտեցումներ ունեցող ծրագրերի առանցքը անդրադարձն է սոցիալական նորմերին: Սակայն կա մտահոգություն, որ ծրագրի լայնածավալ ընդլայնման պարագայում դժվար կլինի պահպանել սեռային դերերի նկատմամբ վերափոխված մոտեցումը:Սակայն կա մտահոգություն, որ ծրագրի լայնածավալ ընդլայնման պարագայում դժվար կլինի պահպանել  սեռային  դերերի  նկատմամբ  վերափոխված մոտեցումը: Գործող նորմերի հստակ շարադրումը, որոնք հաճախ սահմանվում   են գործընթացի հետ կապված ընթացիկ հետազոտությունների, ինչպես նաև ծրագրում աշխատողների և շահառուների հետ շարունակական քննարկումների միջոցով, կարող են ծրագիրը պահել գաղափարական ճիշտ ուղու վրա: Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության համար ՊՆՍ-ն հարմարեցնող թիմն օգտագործում է սոցիալական նորմերի հետազոտման գործիք՝ առավել հստակ ձևակերպելու համար ՊՆՍ-ի ցանկալի արդյունքները և դրանց առնչվող նորմերը,համայնքում տարեցների, ընտանիքի անդամների և կրոնական առաջնորդների դերը առկա նորմերի պահպանման և վարքագծի նոր նորմերի ընդունմանն աջակցելու համար: Անհրաժեշտության դեպքում դա կօգտագործվի ծրագրի մոտեցումները տեղայնացնելու համար:

Սեռերի վարքագծին և հարաբերություններին առնչվող սոցիալական նորմերի վերաբերյալ անկեղծ քննարկումը առանցքային դեր ունի ամբողջ աշխարհում «Ծրագիր P»-ի ուսումնական ծրագրի համար: Խորհրդածելով կարծարտիպային նորմերի վնասի մասին և սովորելով ու փորձարկելով երեխայի խնամքի, ապահով, հավասար միջավայրում զույգերի հաղորդակցության և համատեղ որոշումների կայացման նոր հմտությունները՝ մասնակիցները կարող են հանգել մի շարք դրական վարքագծերի (Դոյլ և այլք, 2018): Ընդհանուր առմամբ սոցիալական կարծրատիպային նորմերին մարտահրավեր նետելը MenCare նախաձեռնության առանցքն է, որն էլ ձգտում է փոխել հանրային քաղաքականությունը, մարդկանց գործելակերպը և հասարակական կարծիքը ազգային և միջազգային մակարդակներում՝ շեշտելով սեռերի հավասարության առավելությունները յուրաքանչյուրի` կանանց, երեխաների և հենց իրենց՝ տղամարդկանց համար, և «հավասապակշռելով» տղամարդկանց դերը՝ որպես հավասար խնամատարներ:

 

Հիմնական շահագրգիռ կողմերի առանցքային դերը

Ծրագրի ընդլայնման ու տարածման համար անհրաժեշտ է աշխատել հասուն և կենսափորձ ունեցող գործընկերների հետ, ովքեր պարտավորություն ունեն տևական ժամանակի ընթացքում ծառայելու որոշակի տարածաշրջանում, բնակչության որոշակի խմբերի, ովքեր հետագայում ամբողջությամբ կստանձնեն  ծրագրի  իրագործումը։ Երկու ծրագրերի համար էլ գործընկերներ են ինչպես ոչ պետական, այնպես էլ պետական կազմակերպությունները:

Ծրագիրն իրականացնող գործընկերները, համայնքային և կառավարական մակարդակում շահագրգիռ կողմերը ներգրավվել էին ՊՆՍ-ի հարմարեցման և տարածման գործընթացի բոլոր ոլորտներում: Քարամոջայում ծրագրի ընդլայնումը ղեկավարվում էր տեղայնացման բազմասեկտորալ խմբի կողմից և ներառում էր ծրագրի ինտեգրում տեղական ՀԿ-ների վաղ մանկության զարգացման ծրագրերում «Փրկեք երեխաներին - Ուգանդա» կազմակերպության աջակցությամբ: Մենթորներին վերապատրաստել և ծրագրի իրականացումը վերահսկել են համայնքային կառավարման աշխատակազմերը։

Աշխարհի տարբեր երկրներում բազմաթիվ կազմակերպություններ վերցրել են MenCare-ի քարոզչական նյութերը և «Ծրագիր P»-ի ուսումնական նյութերը, հարմարեցրել են իրենց միջավայրին և կարիքներին: Ռուանդայում «Պրոմունդոն» և «Ռուամրեկը» (Rwamrec) համագործակցել են Առողջապահության նախարարության և տեղական իշխանությունների հետ՝ ծրագիրը նախագծելու և իրականացնելու համար: Այս համատեղ աջակցությունն էլ ապահովել է, որ բովանդակությունը համահունչ  լինի ազգային գերակայություններին: Գործընկերներն այժմ պլանավորում են ինստիտուցիոնալացնել ծրագիրը առողջապահության համայնքային աշխատողների գործող համակարգի միջոցով:

 

Եզրակացություն

«Ծրագիր P»-ի և ՊՆՍ-ի փորձը ցույց է տալիս, որ այս համեմատաբար պարզ մոդելները նշանակալի ազդեցություն ունեն և կարող են հաջողությամբ միավորվել տեղերում առկա հարթակներում, այդ թվում՝ վաղ մանկության զարգացման ծրագրերում: Ծրագրի նախագծման և փորձնական փուլերից սկսած պլանավորելով ծրագրի հետագա ընդլայնումը, հստակեցնելով հիմնական արժեքները, հիմնական տարրերը և փոփոխության մեխանիզմները, հնարավորություն է ստեղծվում, որ այս մոդելները առավել կայուն և հասանելի լինեն և առավել ազդեցություն ունենան: Նման ծրագրերը ճանապարհ են ցույց տալիս դեպի ավելի առողջ, ավելի երջանիկ և սեռերի հավասարության վրա հիմնված ընտանիքներ։

 

Երախտագիտություն

Հեղինակները շնորհակալություն են հայտնում ծրագրի բոլոր աշխատակիցներին և մասնակիցներին, ովքեր հնարավոր դարձրեցին այս աշխատանքը:

Գտեք այս հոդվածը առցանց՝ earlychildhoodmatters.online/2019-10

ՀՂՈՒՄՆԵՐ

Ashburn, K., Kerner, B., Ojamuge, D. and Lundgren, R. (2017). Evaluation of the Responsible, Engaged, and Loving (REAL) Fathers Initiative on physical child punishment and intimate partner violence in Northern Uganda. Prevention Science 18(7): 854-864. doi: 10.1007/s11121-016-0713-9.

Cabrera, N. and Tamis-Lemonda, C. (eds). (2013). Handbook of Father Involvement: Multidisciplinary perspectives (2nd edition). New York/Hove: Taylor and Francis.

Doyle, K., Levtov, R.G., Barker, G., Bastian, G.G., Bingenheimer, J.B., Kazimbaya, S. et al. (2018). Gender-transformative Bandebereho couples’ intervention to promote male engagement in reproductive and maternal health and violence prevention in Rwanda: Findings from a randomized controlled trial. PLoS ONE 13(4): e0192756. Available at: https://doi.org/10.1371/ journal.pone.0192756 (accessed March 2019).

Fixsen, D.L., Naoom, S.F., Blase, K.A., Friedman, R.M. and Wallace, F. (2005). Implementation Research: A Synthesis of the Literature. Tampa, FL: University of South Florida, Louis de la Parte Florida Mental Health Institute and National Implementation Research Network. Fulu, E., Kerr-Wilson, A. and Lang, J. (2014).

Effectiveness of Interventions to Prevent Violence against Women and Girls: A summary of the evidence. Available at: https://assets.publishing.service.gov.uk/ media/57a089f6ed915d622c0004a5/What_ Works_Inception_Report_June_2014_AnnexG_ Summary_Prevention_interventions_Final.pdf (accessed March 2019).

Heilman, B. and Barker, G. (2018). Masculine Norms and Violence: Making the connections.

Washington DC: Promundo-US. Available at: https://promundoglobal.org/wp-content/ uploads/2018/04/Masculine-Norms-and-

Violence-Making-the-Connection-20180424.pdf (accessed May 2019).

Lamb, M.E. (ed.). (2004). The Role of the Father in Child Development, Hoboken, NJ: Wiley.

Kohli, A., Spindler, E., Fultz, H., Lundgren, R., Okello,

F. and Arono, R. (2019). REAL Fathers Scale Up and Adaptation Process: Endline Report. Washington DC: Institute for Reproductive Health, Georgetown University, and Save the Children for the US Agency for International Development.

MenCare.(Online).Availableat:https://men-care.org/ about-mencare/ (accessed March 2019).

MenCare. (2015, online). Caring for equality: ending prenatal sex selection in Armenia. Available at: https://men-care.org/2015/03/23/ caring-for-equality-ending-prenatal-sex-selection- in-armenia-2/ (accessed March 2019).

Promundo, CulturaSalud and REDMAS. (2013). Program P: A Manual for Engaging Men in Fatherhood, Caregiving, Maternal and Child Health. Rio de Janeiro, Brazil and Washington D.C: Promundo. Available at: https://men-care. org/wp-content/uploads/sites/3/2015/05/ Program-P-English-web.pdf (accessed March 2019).

World Health Organization and ExpandNet. (2009). Practical Guidance for Scaling up Health Service Innovations. Geneva: WHO.

«Վաղ մանկության կրթության խնդիրները» ամսագրում տպագրված «Սիրող հայրեր, առաջադիմող երեխաներ. սեռերի նկատմամբ վերափոխված մոտեցումների տարածման հնարավորություններ» հոդվածի հայերեն հրատարակումը իրականացվել է «Բեռնար վան Լիր» հիմնադրամի և «Քայլ առ քայլ միջազգային ընկերակցության» (ՄԸ) գործընկերային նախաձեռնությամբ և համագործակցելով «Քայլ առ քայլ ՄԸ» անդամ Հայաստանի «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ։


  
Մեր գործընկերները